Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձը նշանակում է քաղաքացիական պատերազմ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազատամարտիկների դաշինքի անդամ Սուրեն Սարգսյանը:
«Ամեն մեկն իր զենքը կվերցնի ու կգնա կռվելու, երկիրն ավեր կդառնա: Անհնար է Քոչարյանի վերադարձը, ուղղակի բացառվում է: Քոչարյան Ռոբերտը պետք է վերադարձնի թալանածը: Քոչարյանը մեր փողերը թալանելու մեջ է մեղավոր, Մարտի 1-ի համար է մեղավոր, Ազգային ժողովում առկա իրավիճակի եւ այնտեղի պատգամավորների համար է մեղավոր: Երբ մենք պատերազմում էինք, Քոչարյանի որդին տասը տարեկան էր, ուղիղ տասը տարի անց նա դարձավ միլիարդատեր, ինչպե՞ս. Մեզ թալանելու միջոցով, եւ նա պետք է պատասխան տա»,- ասաց ազատամարտիկը:
Սուրեն Սարգսյանի խոսքով` չի բացառվում, որ ազատամարտիկներին բռնության ենթարկելու հետեւում կանգնած լինի հենց երկրորդ նախագահը, քանի որ նրան ձեռնտու է երկրի ապակայունացումը:
NEWS.am-ի դիտարկմանը, թե կարծիք կա, որ եռյակի հետեւում կանգնած է հենց Քոչարյանը, իսկ Ազատամարտիկների դաշինքն էլ եռյակի կողքին է, Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Բացառվում է, որ նման բան լինի: Եթե մի օր եռյակի հետեւում երեւան Քոչարյանի ականջները, ազատամարտիկները նույն պահին դուրս կգան»:



























