Նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակած Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստերն այսուհետեւ կանցնեն առանց Կյուրեղյանի մասնակցության։ Այսօր՝ դեկտեմբերի 17-ին նման որոշում կայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, երբ Կյուրեղյանը հերթական անգամ հրաժարվեց ոտքի կանգնել դատարանում։ Հիշեցնենք, որ նախորդ նիստերին դատավորը երկու անգամ արդեն նկատողություն էր տվել Կյուրեղյանին՝ նախազգուշացնելով, որ դատարանին չհարգելու համար կենթարկվի քրեական պատասխանատվության։
«Չեմ հարգում, որովհետեւ սա գրպանի դատարան է։ Համարում եմ խաղալիք դատարան, գրպանի դատարան, ինչ-որ մեկի դատարան։ Եթե լիներ Հայաստանի Հանրապետության դատարան, այդ դեպքում կհարգեի»,- հայտարարեց Հայկ Կյուրեղյանը։
Նա նշեց, որ չի փոխել փաստաբանից հրաժարվելու որոշումը։ Դատարանը որոշեց հաջորդ նիստից, որը կկայանա հունվարի 14-ին, ներգրավել հանրային պաշտպանի։
Նշենք, որ դատարանի նիստերի դահլիճում ներկա՝ Կյուրեղյանի ընտանիքի անդամները նույնպես ոտքի չկանգնեցին, երբ դատավորը ներս մտավ։ Նրանք եւ դահլիճում ներկա՝ Կյուրեղյանին սատարողները լքեցին դահլիճը, երբ դատավորը հրահանգեց հեռացնել Կյուրեղյանին։
«Մնա, մենակ էդ գործը արա»,- դատավորին դիմեցին նրանք։
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին, եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկաններին նրան վնասազերծել եւ տարել էին ոստիկանություն։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ» և 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:




























