«Բանդայի գործով» ամբաստանյալ Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը պահանջում է կարճել քրեական գործի վարույթը եւ արդարացման դատավճիռ կայացնել, քանի որ բացակայում է հանցակազմը։ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ դեկտեմբերի 17-ին, պաշտպանն իր ճառում նշեց, որ ապացույցները, որոնցով հիմնավորվել է իր պաշտպանյալի մեղավորությունը, ապօրինի են ձեռք բերվել եւ պետք է անթույլատրելի ճանաչվեն:
«Ապացույցները պետք է անթույլատրելի ճանաչվեն, իսկ այն պաշտոնյաները, որոնք նպաստել են այս շինծու ապացույցները ձեռք բերելուն, պետք է ենթարկվեն պատասխանատվության: Սույն գործով կատարվել է միակողմանի քննություն, ինչը երեւում է ապացույցներից: Քրեական գործի հիմքում դրված է իմ պաշտպանյալի՝ չակերտներում դրված՝ ինքնախոստովանական ցուցմունքները: Իմ պաշտպանյալից խոստովանական ցուցմունքը այն օրերի ընթացքում է ձեռք բերվել, երբ ապօրինի պահվել է ոստիկանությունում, երեք օր շարունակ կտտանքների եւ էլեկտրաշոկի է ենթարկվել եւ դրա հետեւանքով իրականությանը չհամապատասխանող տվյալներ է հայտնել, որոնց մեծ մասը հետագա դատաքննությամբ հերքվել է կամ չի ապացուցվել»,-ասաց Ստեփան Ոսկանյանը:
Պաշտպանը դատարանին հիշեցրեց, թե ինչպես են ամբաստանյալները դատական նիստերից մեկի ժամանակ, երբ հրապարակվում էին նրանց նախաքննական ցուցմունքները, ինքնավնասում կատարել՝ ցանականալով ապացուցել, որ իրենք բանդայի անդամներ չեն։
«Առանց հիմնավոր ապացույցների, միայն շինծու ապացույցներով, փորձել են հասարակության մեջ ամբաստանյալներին ներկայացնել որպես բանդայի անդամների, հասարակության մեջ նրանց հանդեպ անհանդուրժողական վերաբերմունք են սերմանել: Այսուհետեւ իմ պաշտպանական ճառում «բանդա» ասելով՝ նկատի եմ ունենալու ոչ թե գործով 4 ամբաստանյալներին, այլ այն մարդկանց, որոնք իրական բանդան են»,-ասաց Ստեփան Ոսկանյանը:
Ստեփան Ոսկանյանն իր ճառում անդրադարձավ նաեւ դատախազի մեղադրական ճառին՝ նշելով, որ դրանում անդրադարձ է եղել միայն նախաքննական ապացույցներին, իսկ դատաքննական ապացույցներին, որոնցով ակնհայտ է դարձել ամբաստանյալների անմեղությունը, անդրադարձ չի եղել:
Պաշտպանը դատարանին հիշեցրեց նաեւ ամբաստանյալների ցուցմունքներն այն մասին, որ իրենց հանդեպ ոտիկանությունում խոշտանգումներ են կատարվել, ձերբակալությունից 20 օր անց դեռ չեն կարողացել քայլել:
Ստեփան Ոսկանյանը դատարանին խնդրեց հաշվի առնել Դավիթ Գալստյանի հարեւանների տված բնութագրերը եւ փաստը, որ նա երկու անչափահաս երեխա ունի»
Նշենք, որ մեղադրող Սասուն Խաչատրյանը 11-15 տարվա ազատազրկում է պահանջել ամբաստանյալներից յուրաքանչյուրի համար:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։


























