Դերասան Վարդան Պետրոսյանը պատրաստ է վճարել տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման համար պահանջվող գումարը, բայց չի վճարի տուժող կողմի փաստաբանների մատուցած ծառայություններ համար պահանջվող գումարը: Այս  մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Վարդան Պետրոսյանը տուժողներին հասցրած վնասի համար ավելի քնաի 12 մլն դրամ գումար բռնագանձելու՝ Ռուբեն Բալոյանի ներկայացրած քաղաքացիական հայցը փաստաբանների հետ քննարկելուց հետո:

«Ես հրաժարվում եմ վճարել փաստաբանի խելամիտ աշխատանքի գումարը, այդ հարցը թողնում եմ փաստաբանիս: Ես արդեն մեկ տարի երկու ամիս նստած եմ, ես նստած եմ բանտում, եւ ինքներդ էլ գիտեք, որ ես նստելու եմ: Հիշեք՝ դատը վերջանալու է, փաստաբաններին էլ չենք տեսնելու, մնալու ենք ես ու դուք, մենք ենք մնալու իրար նայող: Ողբերգության առաջին օրվանից ես հաշտություն եմ ուզել: Ես առանձնակի մեծ վստահություն չունեմ տուժողի ներկայացուցչի նկատմամբ, այստեղ թվեր են արծարծվում, որոնց պարզաբանումը թողնում եմ փաստաբանին»,- ասաց Վարդան Պետրոսյանը:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք չեն ընդունում հայցապահանջը իրավական տեսակետից. «Վարդան Պետրոսյանն իր մեղավորությունը չի ընդունում, մենք հայցապահանջը չենք ընդունում: Դա չի վերաբերում Վարդան Պետրոսյանի խոսքերին Տաթեւիկի բուժման հետ կապված»:

Դերասան Վարդան Պետրոսյանին հետաքրքրեց նաեւ, թե արդյոք այն գումարը, որն իրենք տուժող կողմին տրամադրել են միջադեպից հետո, հաշվարկվել է գումարների մեջ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Նաիրա Հայրապետյանը պատասխանեց, որ այդ գումարը կապ չունի հայցի հետ:

 «Վարդան Պետրոսյանը ճիշտ է ասում, հանդիպում եղել է, որոշ գումար հատկացվել է: Այդ գումարը հատկացվել է գերեզմանի եւ այլ արարողությունների համար, մեր մեջ պայմանավորվածություն է եղել, որ այդ մասին ոչ ոք պետք է չիմանա: Նրանք ասել են՝ դուք կարող եք հայցով դիմել, դուք կարող եք բողոքել, հաշվեք, որ չգիտեք, թե ով է արել: Իսկ եթե գումար մնացել է, կարող ենք հետ տալ»,- ասաց տիկին Նաիրան:

Տուժող Արթուր Հակոբյանն էլ շարունակեց նրան. «Երկու հատ էլ գերազման կտանք հետը»:

Դատավոր Վաղինակ Մկրտչյանը բավարարեց Վարդան Պետրոսյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը, որով պահանջվում էր պարզել, թե տուժող կողմին որքան գումար է տրամադրել Վարդան Պետրոսյանի ապահովագրական ընկերությանը:

Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, իրենք պետք է ուսումնասիրեն Ռուբեն Բալոյանի ներկայացրած քաղաքացիական հայցի մեջ նշված որոշ գումարներ, քանի որ Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերի մի մասը պետք է արդեն փոխհատուցված լինեին ապահովագրական ընկերության կողմից:

«Վարդան Պետրոսյանն ուներ պայմանագիր՝ ապահովագրական ընկերության հետ, որը պայմանագրի համաձայն պարտավորվում է վթարի դեպքում մինչեւ 9 միլիոն դրամը փոխհատուցել: Տաթեւիկի բուժման հետ կապված մինչեւ 3 միլիոն դրամ հատուցվում է: Դուք թվեր եք ներկայացրել, որ հիվանդանոցը պետք է օրենքի ուժով ստանար ապահովագրականից : Եթե հիմք ընդունենք Վարդան Պետրոսյանի կողմից մեզ փոխանցված կոնֆիդենցիալ առումով էդ գումարի չափը, որը տրվել է նրանց, եւ ապահովագրական ընկերության գումարները, սա մի քանի անգամ գերազանցում է բոլոր իրենց պահանջված գումարները»,- հայտարարեց պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

Ռուբեն Բալոյանը, սակայն, տեղեկացրեց, որ ապահովագրական ընկերությունն այլեւս գումար չի հատկացնում Տաթեւիկ Հակոբյանի բուժման համար՝ պատճառաբանելով, որ Տաթեւիկի մասով գումարը սպառվել է:

Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 25-ը, դատարանը կդիմի ապահովագրական բյուրոյին, որպեսզի պարզի, թե որքան գումար է բյուրոն հատկացրել Տաթեւիկ Հակոբյանի բուժմանը, ինչի համար է հատկացրել:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։