Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի համար Ամանորը լավ առիթ է՝ բարեկամներով հավաքվելու եւ հայկական ավանդույթներով տոնը նշելու համար:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախարարը հայտնեց, որ ինքը միշտ Ամանորը նշում է  տանը՝ կնոջ, երեխաների եւ թոռնիկների հետ:

«Երկու աղջիկ ունեմ, երեք տղա թոռ: Թոռնիկներիս համար նվերները դեռ դեկտեմբերին եմ գնել՝ ավտոմեքենաներ, որովհետեւ 2-3 տարեկան երեխաներին մեքենան է հետաքրքրում»,- ասաց նախարարը:

Ամանորի տոնական սեղանի ցուցակը կազմել է Երիցյանի կինը, իսկ գնումները կատարել նախարարը դեկտեմբերի վերջին օրերին:

«Գոճի, խոզի բուդ, ինչպես որ բոլոր հայկական ընտանիքներում: Ես ավանդույթները սիրող անձնավորություն եմ ու զարմանում եմ այն մարդկանց վրա, որ դժգոհում են՝ հրավիրում ես, գնում ես, սեղաններ են, բայց կարծում եմ, որ սրանք մեր սիրուն ավանդույթներն են»,- ասաց տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարը: