Դրամի փոխարժեքը կայունանալու միտումներ է ցուցաբերում, համենայն դեպս, նման կանխատեսում կարելի է անել՝ շրջելով երեւանյան փոխանակման մի քանի կետերում: NEWS.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 17-ին, ժամը 16-ից սկսած բանկերում սկսվել է դոլարի ազատ վաճառք: Ընդ որում, դոլարը վաճառվում էր միջինը 550 դրամի սահմաններում:
NEWS.am-ի թղթակիցը դեկտեմբերի 17-ի երեկոյան եղել է մի քանի փոխանակման կետերում: Ժամը 23-ի դրությամբ «ՍԱՍ» սուպերմարկետի փոխանակման կետում դոլարի առքը 500 դրամ էր: Միաժամանակ բարձր էր դոլարի վաճառքի գինը՝ 550 դրամ: «Երեւան Սիթի» սուպերմարկետում դոլարը գնում էին 520 դրամով:
Նշենք, որ Հայաստանի կենտրոնական բանկի կողմից դեկտեմբերի 17-ին իրականացվել է 4 մլն ԱՄՆ դոլարի վաճառք 570.58 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 567.65 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:
Արդեն երեկոյան, ժամը 20-ի դրությամբ, ըստ Rate.am կայքի, դոլարի առքը կազմում էր 550-555 դրամ, վաճառքը 559-ից 575 դրամ:



























