«Գազպրոմ Հայաստան» ՓԲԸ-ն դեռեւս գազի սակագնի բարձրացման մասին հայտ չի ներկայացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային վարչության պետ Գարեգին Բաղրամյանը: «Նման հարց դիտարկելու համար պետք է գազային օպերատորը մեզ համապատասխան հայտ ներկայացնի: Առայժմ մենք նման բան չենք ստացել»,- հայտարարեց Բաղրամյանը:
Հիշեցնենք, որ ներկայում Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում հազար խորանարդ մետրը՝ 189 դոլար սակագնով: Ամսական ավելի քան 10 հազար խորանարդ մետր գազ սպառողների համար սակագինը կազմում է 276.98 դոլար՝ դրամային համարժեքով, այդ շեմից ցածր գազ օգտագործող բաժանորդների համար գինը 156 հազար դրամ է (ներկա փոխարժեքով՝ 295 դոլար):
Հարկ է նկատել, որ թանկացման հավանականությունը կարող է առաջանալ այն պատճառով, որ «Գազպրոմ Հայաստանը» բաժանորդներից եկամուտները ստանում է դրամով, իսկ ռուսական գազի դիմաց վճարում է թանկացած դոլարով:
«Գազպրոմ Հայաստանը» («Գազպրոմ» ընկերության 100% դուստր ձեռնարկությունը) հանրապետությունում բնական գազի միակ մատակարարն է:



























