Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, ըստ երեւույթին, դեռ չի ուղարկել ՄԻԵԴ հայաստանյան մրցույթում հաղթած անձանց ցուցակը, թեեւ այն ուղարկելու վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն էր:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը:
Սերժ Սարգսյանը հայաստանյան մրցույթի արդյունքները հաստատել էր դեռեւս հոկտեմբերի 13-ին, սակայն ԱԳՆ-ն մինչ օրս այն չի ուղարկել ԵԽԽՎ: Սա, ըստ փաստաբանի, նշանակում է, որ հայկական կողմը խնդիրներ ունի եւ այժմ բանակցությունների մեջ է ԵԽԽՎ հետ, որպեսզի չմերժեն Հայաստանից ներկայացված դատավորի թեկնածուներից մեկնումեկի հաստատումը կամ ամբողջ ցուցակը: Մինչ այդ մեր երկրում անցկացված մրցույթի վերաբերյալ ԻՀԿ-ն զեկույց է ուղարկել ԵԽԽՎ՝ բարձրաձայնելով մի շարք խախտումների մասին:
Ըստ կարգի՝ ցուցակը պետք է ուղարկվեր, որպեսզի ԵԽԽՎ խորհրդատվական մարմինը այն մասնագիտական վերլուծության ենթարկեր եւ ԵԽԽՎ-ին խորհրդատվություն տար՝ ընտրել այդ ցուցակից որեւէ մեկին, թե որակազրկել:
Տիգրան Եգորյանն ասաց, որ իրենց ԱԳՆ-ից հայտնել են, որ ցուցակը չեն ուղարկել, դրանից բացի ԵԽԽՎ կայքով եւս հետեւում են եւ տեսնում են, որ այն, իսկապես, դեռ չի ուղարկվել: Իսկ թե ինչ կլինի այս դեպքում, փաստաբանն ասաց, որ եթե սահմանված ժամկետներում ցուցակը չուղարկվի, գուցե ԵԽԽՎ-ն չհասցնի այն քննել ձմեռային նստաշրջանի ընթացքում:




























