Հուլիսի 8-ին ԱԳՆ-ում անցկացվել է Հայաստանի գործադիր իշխանության մարմինների արտաքին կապերի եւ միջազգային համագործակցության պատասխանատու պաշտոնյաների համար հանդիպում` «ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններ եւ ընթացիկ հարցեր» խորագրով:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների ներկայացմամբ բացել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորել է պետական իշխանության մարմինների կողմից իրականացվող արտաքին կապերի եւ միջազգային համագործակցության համակարգումը` որպես նախագահի կողմից իրականացվող միասնական արտաքին քաղաքականության ապահովման գրավական:
Անցկացվող հանդիպման հիմնական նպատակն էր գործադիր իշխանության մարմիններին իրազեկելը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնայնությունների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում թեմատիկ զեկույցներով հանդես են եկել նաեւ ԱԳ նախարարի տեղակալներ Արման Կիրակոսյանը, Շավարշ Քոչարյանը, Կարինե Ղազինյանը եւ նախարարության գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը:


























