Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը սույն թվականի դեկտեմբերի 18-ին Երեւանի քաղաքապետարանում կնքել են համագործակցության պայմանագիր երկու գերատեսչությունների միջեւ:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս ճանապարհին առաջին քայլը եղավ նոյեմբերի 27-ին Տարոն Մարգարյանի այցը Փորձաքննությունների ազգային բյուրո, որի ընթացքում եւ նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել փոխշահավետ համագործակցության մասին:
Այցի նպատակն էր ծանոթանալ Հայաստանի Հանրապետության առաջատար փորձագիտական կառույցներից մեկի աշխատանքներին, կատարվող փորձագիտական հետազոտությունների հնարավորություններին մի շարք ոլորտներում համագործակցության կազմակերպման նպատակով, այդ թվում՝ շինարարական արդյունաբերության, տրանսպորտի, կրթության, մշակութային եւ այլ նորարական բնույթի զարգացման ծրագրերի, ինչպես նաեւ քաղաքային տնտեսության ծառայությունների ընթացիկ աշխատանքների: Այդ առումով խիստ կարեւոր է կազմակերպել փոխշահավետ համագործակցությունը ծրագրերի եւ ընթացիկ աշխատանքների փորձագիտական ուղեկցման՝ մի կողմից, ինչպես նաեւ գիտակրթական գործունեության առումով մի շարք ակտուալ ուղղություններով, դրանց թվում` շինարարական արդյունաբերության, ֆինանսատնտեսագիտական գործունեության, բնապահպանության, հաղորդակցության, թվային տեխնոլոգիաների, առողջապահության, տրանսպորտի եւ այլն։
Տարոն Մարգարյանը, ողջունելով հյուրերին իր ղեկավարած գերատեսչությունում, նշեց տվյալ միջոցառման կարեւորությունը եւ վստահություն հայտնեց, որ համագործակցությունը լինելու է արդյունավետ եւ օգտակար մեր համաքաղաքացիների համար: «Մենք բոլորս երեւանցիներ ենք եւ ուզում ենք ստեղծագործել մեր քաղաքի բարօրության համար» - նշեց քաղաքապետը: Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց տրամադրել փորձագիտական-վերլուծական եզրակացություններ իր ղեկավարած կազմակերպության մասնագետների կողմից այն բոլոր ոլորտներով, որոնք անհրաժեշտ կհամարվեն: Նա նաեւ նշեց այսօր ամբողջ աշխարհում ընդունված փորձագիտական պրոֆիլակտիկայի կարեւորագույն դերը:
Զրուցակիցները նշեցին անկախ փորձագիտական-վերլուծական տեղեկատվության կարեւորությունը, ինչպես այս կամ այն ծրագրի գործարկման կամ ընթացիկ գործունեության որեւէ ուղղությամբ աշխատանքների սկզբնական փուլում, այնպես էլ դրանց կատարման ընթացքում եւ, որ առավել ակտուալ է, դրանց ավարտից հետո կատարված աշխատանքների համապատասխանության եւ արդյունավետության գնահատման ժամանակ։
Ավելացնենք, որ ստորագրված պայմանագիրը քաղաքապետարանի մասնագետներին հնարավորություն է ընձեռում ստանալու փորձագիտության առաջատար փորձառու մասնագետների իրավասու կարծիքը, որոնք լայնորեն կիրառում են միջազգային ստանդարտները, փորձաքննության եւ փորձագիտական գործունեության միջազգային փորձը:
Մյուս կողմից տվյալ համագործակցության պայմանագիրը օգտակար է նաեւ Փորձաքննությունների ազգային բյուրոյի համար, միջազգային համագործակցության հնարավորությունների ընդլայնման առումով:
Մի խոսքով, կասկած չկա, որ երկու գերատեսչությունների համագործակցությունը կլինի բեղմնավոր:



























