Եվրոպական երկրներում 2015թ.-ին լինելու են Հայոց Ցեղասպանության նվիրված դասաժամեր: Այս մասին այսօր` դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Թե որ երկրների հետ է նախարարությունն արդեն համաձայնության եկել, Արմեն Աշոտյանը չհայտնեց` նշելով, որ տեղեկատվական հոսքը կարող է խանգարել եւ հակառակորդը կարող է խոչընդոտել գործընթացին:
Ամփոփելով 2014թ.-ը` նախարարը նշեց, որ մենք դեռ դասագրքերի դյուրամարսության հետ կապված խնդիր ունենք:
«Սրա համար խիզախ մոտեցումներ են պետք, այսինքն եթե մեր մասնագետները չեն կարողանում գրել երեխաների հոգեբանությանը համապատասխան դասագրքեր, ապա ժամանակավոր պետք է ներմուծենք այլ երկրներից»,- ասաց Աշոտյանը` ավելացնելով, որ այս տարի հազարավոր ուսուցիչներ են վերապատրաստվել:
Ինչ վերաբերվում է կոռուպցիոն ռիսկերին, ԿԳ նախարարը համոզված է, որ դրական միտում կա. կոռուպցիան վերացված չէ, սակայն տեսանելի նահանջել է:



























