ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած եւ մի քանի հոդվածներով մեղադրվող՝ ադրբեջանցի դիվերսաներ Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասկերովը դատավճռից հետո չեն արտահանձնվի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց նախարարը:

«Ես կարծում եմ, որ ոչ: Այդ հարցերը ղարաբաղի իշխանություններին պետք է տաք»,-ասաց նախարարը:

Նշենք, որ մեղադրող Կարեն Գաբրիելյանը Ասկերովի համար պահանջել է ցմահ, իսկ Գուլիեւի համար 22 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։