Եթե մինչեւ 2015թ վերջ ավարտենք «Արմավիր» ՔԿՀ-ի շինարարական աշխատանքները, այնտեղ մոտ 1200 տեղ կա եւ 20-25 տոկոսով կթեթեւացնենք ՔԿՀ-ների ծանրաբեռնվածությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Նա նշեց, որ կալանավայրերում գտնվում է մոտ 4000 հոգի, «Արմավիր» ՔԿՀ-ի շինարարական աշխատանքները ավարտելուց հետո կկարողանան այնտեղ տեղափոխել 1200 կալանավոր: Նախարարն ասաց, որ նոր Կառավարության 7-8 ամիսների ընթացքում քրեակատարողական համակարգը եղել է իրենց ուշադրության կենտրոնում, ամենաշատ ծրագրերը այդ ոլորտի հետ կապված են եղել:

Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ իրենք փորձում են շտկել թերությունները, նվազեցնել արատավոր երեւույթները կամ իսպառ վերացնել, բայց տասնամյակներվ ձեւավորված համակարգերը միանգամից փոխել հնարավոր չէ:

Արդարադատության նախարարը նշեց, որ ՔԿՀ-ներում բժիշկների համալրման խնդիր կա, որը կապված է ֆինանսավորման հետ, աշխատավարձերը այնքան բարձր չեն, որ կարողանան մարդկանց ներգրավել, հատկապես՝ որակյալ բժիշկների: «ՔԿՀ-ներում ամեն մարդ չի ցանկանա աշխատել, աշխատանքային եւ ֆինանսական խնդիրներից բացի՝ մթնոլորտի խնդիր կան, ռեժիմային հիմնարկ է, կոնտիգենտը այլ է, դրա համար հաճույքով չեն գալիս մարդիկ, բարդ է»,-ասաց նախարարը:

Հովհաննես Մանուկյանն ասաց, որ մյուս տարի փորձելու են գրանտային միջոցներ ընդգրկել եւ բարելավել ՔԿՀ-ների բուժական վիճակը:

Ի դեպ, Արդարադատության նախարարությունը այսօր՝ դեկտեմբերի 22-ին, տարեմուտի ընդունելություն ժամանակ լրագրողների համար կազմակերպել էր մրցանակաբաշխություն: Մոտ 20 անվանակարգերում, ինչպես օրինակ, ամենադիպուկ լեգենդ, ամենակրեատիվ բամբասանք, ամենաճշմարտանման շշուկ, ամենաքնարական քննադատություն, ամենազվարճալի վրիպակ, ամենազգաստացնող տեսախցիկ, ամենաչափազանցված իրականագրում եւ այլն, պատվոգրեր եւ գրիչներ հանձնվեցին լրագրողներին: Ի դեպ, NEWS.am-ը եւս մրցանակակիր է, Ինգա Մարտինյանին պատվոգիր հանձնվեց «Ամենառաջին հարցազրույց» անվանակարգում նախարար նշանակվելուց հետո Հովհաննես Մանուկյանի հետ առաջին հարցազրույցը անելու համար: