Մեքսիկական Կոկուլայի քաղաքապետ Սեսար Պենյալոսան, ով Իգուալա քաղաքում 43 ուսանողի անհետացման գործով դատախազությունում կայանալիք հարցաքննությունից առաջ անհետացել էր, ձերբակալվել է: Այս մասին հաղորդել է Հերերո նահանգի ժամանակավոր նահանգապետ Ռոխելիո Օրտեգան:
Պետական պաշտոնյայի անհետացման մասին ավելի վաղ հաղորդել էր նրա կինը: Նրա խոսքով, Պենյալոսան մտադիր էր գնալ ցուցմունք տալու, սակայն այդպես էլ չի հասել գլխավոր դատախազություն եւ տուն այլեւս չի վերադարձել:
Պենյալոսան համարվում է ուսանողների անհետացման գործով առանցքային վկաներից մեկը, քանի որ նրանց առեւանգմանը մասնակցել են նաեւ Կոկուլայի ոստիկանները:
Այս տարվա սեպտեմբերին Իգուալայում ոստիկաններն առեւանգել եւ բանդիտներին էին փոխանցել 43 ուսանողի: Սա տեղի է ունեցել, երբ ուսանողները ցանկացել են ակցիա անցկացնել կրթական բարեփոխումների դեմ: Արդեն ձերբակալված Իգուալայի քաղաքապետի կարգադրությամբ, նրանց վրա հարձակվել են, 6 մարդ տեղում մահացել է, 43-ը՝ կորել: Մինչեւ հիմա հայտնաբերվել է միայն մեկ կորածի դիակը:



























