Գրեզդենի պետական օպերայի շենքի մոտ դեկտեմբերի 22-ի երեկոյան ավելի քան 17 հազար մարդ է հավաքվել՝ մասնակցելու հակաիսլամական ցույցին: Ակցիայի մասնակիցները սուրբծննդյան երգեր են երգել:
Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի» կոմսոմոլեցը», ակցիան թվով 10-րդն էր եւ ամենաբազմամարդը: Նախորդ անգամ ցույցի էր ելել 15 հազար մարդ:
Միջոցառման կազմակերպիչը Pegida աջ ուղղվածության շարժումն է, որը հանդես է գալիս ներգաղթի օրենսդրության խստացման օգտին: Շարժման ներկայացուցիչները դժգոհ են եվրոպական երկրներում մահմեդականների մեծ թվից: Ցույցի գլխավոր կարգախոսն էր. «Եվրոպացի հայրենասերները դեմ են Արեւմուտքի իսլամացմանը»:
Զուգահեռաբար տեղի է ունեցել նաեւ այդ միջոցառման հակառակորդների հանրահավաքը, որը կազմակերպել էր «Դրեզդենն առանց նացիստների» միությունը: Ներգաղթյալների նկատմամբ անհանդուրժողականության դեմ հանդես է եկել 4,5 հազար մարդ:



























