Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են քվեարկել Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների վիճակի քննարկումը ՄԱԿ-ի ԱԽ օրակարգում ներառելուն: Ընթացակարգային քվեարկությունը նիստից առաջ նախաձեռնել էր ԱԽ նախագահ, Չադի մշտական ներկայացուցիչ Մահամաթ Զենե Չերիֆը:
ԱԽ ձեւաչափում թեմայի քննարկմանը կողմ են արտահայտվել 15 անդամ երկրներից 11-ը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Հորդանանը, Լիտվան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Հարավային Կորեան: Եվս երկու պատվիրակություններ՝ Ավտրալիայինն ու Չադինը, ձեռնպահ են մնացել:
Քվեարկությունն սկսելուց առաջ խոսք է վերցրել ՄԱԿ-ում ՉԺՀ մշտական ներկայացուցիչ Լյու Ցզեին, որը կտրականապես դեմ է արտահայտվել հանդիպմանը՝ զգուշացնելով, որ նման քննարկումները սոսկ վնաս կպատճառեն, ոչ թե օգուտ: Ըստ նրա՝ Կորեական թերակղզում իրավիճակն այնքան բարդ է, որ Անվտանգության խորհուրդը պետք է անի ամեն ինչ, որպեսզի նպաստի դրա կայունացմանը, այլ ոչ թե ճնշում գործադրի, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների վիճակը քննարկելու հարցով նիստը հրավիրվել էր ԱԽ 10 անդամ երկրների դիմումով՝ բացառությամբ Ռուսաստանի, Արգենտինայի, Նիգերիայի, Չադի եւ Չինաստանի:
Նոյեմբերի 19-ին ԳԱ 3-րդ հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ բանաձեւ էր ընդունել, որը ՄԱԿ-ի ԱԽ-ին խորհուրդ էր տալիս ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների գործը հանձնել ՄԻԵԴ-ի քննարկմանը: ՄԱԿ-ի ԳԱ-ն լիագումար նիստում հաստատել էր բանաձեւը ձայների ճնշող մեծամասնությամբ: Ռուսաստանը, Չինաստանը եւ եւս 18 երկրների դեմ էին արտահայտվել փաստաթղթի ընդունմանը:




























