ԱՄՆ կողմից հակառուսական պատժամիջոցների մասին օրեն ընդունելու որոշումը եւ Ուկրաինայի մտադրությունը՝ հրաժարվել ոչբլոկային իր կարգավիճակից, որի թիրախը ՆԱՏՕ-ի անդամակցությունն է, պահանջում է Ռուսաստանի համապատասխան արձագանքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

«ԱՄՆ նախագահը հակառուսական օրենք է ստորագրել, որն իրավունք է տալիս ԱՄՆ նախագահին ցանկացած ժամանակ մեր երկրի դեմ պատժամիջոցներ կիրառել: Ինչպես Ջեքսոն-Վենիկի օրենքի դեպքում, մեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ տասնյակ տարիներ հետ կգնան»,-գրել է Մեդվեդեւը:

«Ուկրաինայի նախագահը օրինագիծ է ուղարկել Գերագույն Ռադա, որով հրաժարվում է Ուկրաինայի ոչբլոկային կարգավիճակից: Սա, ըստ էության, ՆԱՏՕ-ի անդամակցության հայտ է, որը Ուկրաինան դարձնում է Ռուսաստանի պոտենցիալ հակառակորդը»,-ընդգծել է ՌԴ վարչապետն ու հավելել. «Այդ երկու որոշումները ծայրահեղ բացասական հետեւանքներ կունենան: Մեր երկիրը ստիպված կլինի արձագանքել դրանց»: