2014թ.-ն ամենաբեկումնային տարին էր արդյունավետ սոցիալական համակարգերի ստեղծման եւ ամենաբարդ տարին` բարեփոխումների իրականացման առումով: Այս մասին այսօր` դեկտեմբերի 23-ին, ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Մասնավորապես այս տարին բնորոշվեց սոցիալական երկխոսության առումով, քանի որ իրականացված բարեփոխոխումները վերաբերվում էին տնտեսական, հասարակական կյանքին եւ մեծ արձագանք գտան հասարակության մեջ: Այս տարի սկսեց գործել նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Իհարկե, պետք է նշել, որ այս բարեփոխումները չէին հասկացվել: Ինքներդ էլ գիտեք, թե ինչպես ավարտվեց այս ամենը: Ի վերջո, ծրագրի մեկնարկը տրվեց»,- ասաց նախարարը:
Արտեմ Ասատրյանի խոսքով` այս տարի կարող ենք խոսել արդեն 3-4 տարի գործող ծրագրերի արդյունքների մասին, մասնավորապես «էլեկտրոնային կենսաթոշակ համակարգի», որը նպաստեց կենսաթոշակային ցուցակների մաքրման եւ անճշտությունների վերացմանը, միլիարդավոր դրամների խնայողությանը:
«Տարին սոցիալական երկխոսության տարի էր նաեւ այն առումով, որ շատ համակարգեր ներդրվել են հենց մեր քաղաքացիների առաջարկները հաշվի առնելով: Օրինակ, մինչեւ այդ զոհված զինծառայողների ընտանիքներին հատկացվում էր դրամական օգնություն, եթե անձը չէր աշխատում: Սակայն մի անգամ ծնողների հետ հանդիպման ժամանակ նրանցից մեկն առաջարկեց վերանայել այդ «դրամական օգնություն» որակումը եւ պարգեւավճար հատկացնել բոլորին` անկախ աշխատելու համակարգից: Մենք էլ կառավարության նիստի ժամանակ քննարկեցինք հարցը եւ որոշվեց պարգեւավճար տրամադրել: Ի դեպ, օգոստոսի մեկից հինգ հազար դրամով ավելացել է այդ գումարի չափը»: Իսկ արդեն հունվարի մեկից նախատեսվում է 40-50%-ով ավելացնել Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան հերոսամարտում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող գումարները»,- նշեց նա:
Նախարարը նշեց, որ դեռ կան չլուծված խնդիրներ:



























