Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական վթարի գործով առերեսումներ կատարելու անհրաժեշտություն առայժմ չկա: Այս մասին NEWS.am-ին ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:
Նա նշեց, որ ցուցմունքներով որեւէ հակասություն չկա, եթե հակասություն լինի, այդ ժամանակ առերեսումներ կանեն: Դատախազն ասաց, որ սպասում են փորձաքննությունների եզրակացություններին, որոնք երեւի կստանան արդեն 2015թ: Եթե փորձաքննությունների եզրակացությունները բավարար լինեն, ապա կկազմվի մեղադրական եզրակացությունը եւ գործը կուղարկվի դատարան: Եթե դրանք բավարար չլինեն, քննչական այլ գործողությունների կարիք լինի, վարորդի կալանքի ժամկետը կերկարացվի մինչեւ դրանց ավարտը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, կալանավորված է:



























