Պետական աշխատողները մարդիկ են, որոնք կարող են սխալվել: Այսօր` դեկտեմբերի 23-ին, լրագրողների հարցին, թե Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի` խարդախություն կատարելու եւ առանձնապես խոշոր չափի պետական գումարների յուրացնելու եւ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կնոջը 20 մլն դրամ տրամադրելու մեջ էլ են քաղաքացիներ վատ իրազեկվածությունն է պատճառը, այսպես արձագանքեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Պետական աշխատողները մարդիկ են, որոնք կարող են սխալվել: Իհարկե, պետական մարմնի աշխատողի սխալն ավելի ծանր է, որովհետեւ հենց նրանց արդյունավետ աշխատանքով է պայմանավորված երկրի զարգացումը: Ոմանց մոտ շատ լավ է հաջողվում, ոմանց մոտ լավ, ոմանց մոտ շատ վատ»,- ասաց նախարարը:

Նշենք, որ մինչեւ այդ լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե հաշմանդամության կարգ ստանալու համար քաղաքացիներից պահանջում են կաշառք, նախարարը` որպես այս երեւույթի պատճառ նշեց, որ «քաղաքացիներն իրենց իրավունքներին լավ իրազեկված չեն»:

Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 8-ին Վազգեն Խաչիկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, նաեւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել 12 տարվա ազատազրկման։