ԱՄՆ դոլարի սկանդալային ամրապնդումը առեւտրային բանկերին թույլ տվեց արժույթների առքուվաճառքից գերշահույթներ ստանալ: rate.am-ի տեղեկություններից դատելով՝ դեկտեմբերյան իրարանցումի օրերից մեկում հակառեկորդ էր սահմանվել:

Վերջերս, ավելի կոնկրետ՝ դեկտեմբերի 19-ին, մեր բանկերից մեկը անկանխիկ հաշվով դոլարը գնում էր 430 դրամով, վաճառում՝ 480 դրամով: Արդյունքում մեկ դոլարի դիմաց տարբերությունը կազմում էր 50 դրամ կամ առքի գնի գրեթե 12%-ը: Այսպիսով, մեկ միլիոն դոլարի շրջանառության դեպքում կարելի է աշխատել 50 մլն դրամ: Նման յուղոտ պատառի մասին (ընդ որում, ոչ թե տարվա, այլ հաշված օրերի ընթացքում) կարող է նախանձել յուրաքանչյուր արդյունաբերական բարգավաճող ընկերություն:

Խոսելով այդ հակառեկորդի մասին՝ պետք է նշել իրական ռեկորդակրին՝ «Արմսվիսբանկին», որտեղ դոլարի առքուվաճառքի գների տարբերությունն այդ օրը կազմել է «ընդամենը» 15 դրամ: Դա դոլարի առքի նկատմամբ կազմել է 3,4% եւ երկրի բանկերի մեջ ամենացածր ցուցանիշն էր:

Ներքոհիշյալ գրաֆիկում Y առանցքում նշված է դոլարի առքուվաճառքի գների տարբերությունը, իսկ սյունակների ներսում՝ նման տարբերություն կիրառող բանկերի թիվը: Դեկտեմբերի 19-ին, միջինում այդ տարբերությունը գերազանցել է 33 դրամը:

Դոլարի փոխարժեքի նվազեցմամբ միաժամանակ կրճատվել է նաեւ փոխանակային կետերի տարբերությունը: Այսօր՝ 11:26-ի դրությամբ դոլարի անկանխիկ առքուվաճառքի տարբերության միջին ցուցանիշը 10 դրամից մի փոքր ավելի էր: Ընդ որում, նախորդ օրվա համեմատությամբ, առքի միջին գինը բարձրացել էր 4,43 դրամով, իսկ վաճառքի գինը՝ նվազել 0,04 դրամով:

Սպեկուլյանտ-բանկիրների առիթով տեղին է հիշել հայտնի անեկդոտը. 1 դոլար գողացողը գող է, միլիոն դոլար գողացողը՝ գործարար: