Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության նախկին տնօրեն, յուրացման մեջ մեղադրվող Գայանե Մարգարյանի գործը գտնվում է իրավաբան մարմինների տիրույթում եւ միայն քննության ավարտից հետո կարելի է խոսել, թե ինչ է կատարվում այդ հաստատությունում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 23-ին, ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե նախարարությունն ինչպես է գնահատում այդ հաստատությունում տեղի ունեցող բռնություններն ու մեծ ծավալի գումարների յուրացումը:
«Ինչ վերաբերվում է այդ դպրոցին, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում բավականին փոփոխություններ են իրականացվել: Պետք է հաշվի առնել, որ բոլոր խնդիրները մեկ օրում հնարավոր չէ լուծել: Որոշ դեպքում կան ոչ ճիշտ վերաբերմունք մանկավարժների կողմից: Այդ պատճաառով համագործակցում ենք հասարակական կազմակերպությունների հետ, որոնք հաճախում են այդ հաստատություններ եւ մոնիտորինգներ են իրականացնում: Ինքներս էլ ենք մոնիտորինգ անցկացնում»,- ասաց նախարարը:
Արտեմ Ասատրյանի խոսքով` գիշերօթիկ հաստատություններում առկա խնդիրները պաայմանավորված են նաեւ նրանով, որ մանկավարժները, դաստիարակները վաղուց չեն վերապատրաստվել:
Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ Գայանե Մարգարյանը 2007-2014 թվականների ընթացքում, կազմակերպության կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանի օժանդակությամբ հրամանագրել է ՊՈԱԿ-ում փաստացի աշխատանքներ չկատարող 28 աշխատակիցների: Արդյունքում` պետական բյուջեից ՊՈԱԿ-ին փոխանցված գումարներից վերոհիշյալ անձանց անուններով ելքագրել ու յուրացրել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով` 46.535.970 ՀՀ դրամ գումար՝ ներառյալ ամենամյա եւ ֆիզիոլոգիական արձակուրդայինների համար տրվող գումարները: Բացի այդ, 2004-2014 թվականների ընթացքում Գ.Մարգարյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Փ.Մարտիրոսյանի եւ կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանի օժանդակությամբ, հաշվարկել է ՊՈԱԿ-ում փաստացի չաշխատող 4 աշխատակցի, սակայն նրանց անվամբ ելքագրված գումարները տվել է ՊՈԱԿ-ում աշխատող նրանց հարազատներին եւ ՊՈԱԿ-ի այլ աշխատակիցներին՝ որպես լրավճար` այդկերպ ՊՈԱԿ-ի միջոցներից վատնելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7.747.358 ՀՀ դրամ գումար:



























