Դեկտեմբերի 21-ին եւ 22-ին «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Կիեւ-Թբիլիսի 2 օդանավեր եղանակային պայմաններով պայմանավորված վայրէջք են կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, որոնցում եղել են Ադրբեջանի քաղաքացիներ: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը:

Նրա խոսքով, առաջին օդանավը վայրէջք է կատարել դեկտեմբերի 21-ի գիշերը եւ «Զվարթնոց» օդանավակայանում մնացել 6 ժամ, երկրորդը վայրէջք է կատարել հաջորդ օրը նույն ժամին եւ մնացել 5 ժամ:

«Առաջին օրվա չվերթում եղել է 24 ադրբեջանցի, իսկ երկրորդ օրը՝ 13 ադրբեջանցի: Ընթացակարգի համաձայն, օդանավի ուղեւորները իջել են օդանավից, բացառությամբ 4-ի, մնացել բուֆերային գոտում, մինչեւ եղանակային պայմանները բարելավվեն եւ օդանավը կրկին օդ բարձրանա դեպի Թբիլիսի: Օդանավակայանում եղած ժամանակ նշված չվերթների ուղեւորներին ապահովել են սնունդով, օգնել են արտարժույթ մանրել: Վերջում բոլոր ուղեւորները, այդ թվում ադրբեջանցիները շնորհակալություն են հայտնել օդանավակայանի աշխատակիցներից եւ գոհ մեկնել Թբիլիսի»,-ընդգծեց Գրձելյանը:

Անդրադառնալով այն 4 ադրբեջանցի ուղեւորներին, որոնք դեկտեմբերի 22-ին Երեւանում վայրէջքից հետո հրաժարվել են դուրս գալ օդանավից, Գրձելյանը նշեց, որ քանի որ 4 ուղեւորներ հրաժարվել են իջնել օդանավից, ստիպված օդանավի անձնակազմը եւս մնացել է օդանավում, բացի այդ, նրանց համար օդանավը տաքացվել է, քանի որ գիշերային ժամերին օդանավը սառչում է եւ ուղեւորները կարող էին մրսել:

Ինչ վերաբերում է նրան, որ ադրբեջանցի ուղեւորներից մեկը ադրբեջանական մամուլում հայտնել է, որ ցանկացել են իրենց անձնագրերը վերցնել եւ կնիք դնել, Քաղավիացիայի մամուլի քարտուղարը հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ ոչ մի ուղեւորից անձնագիր չեն վերցրել եւ կնիք էլ չեն դրել, դրա կարիքն էլ չի եղել, քանի որ նրանք մնացել են բուֆերային գոտում: «Միայն օդանավ բարձրանալիս, կարգի համաձայն ստուգել են անձնագրերը, որպեսզի համոզվեն, որ նրանք հենց այդ օդանավի ուղեւորներն են: Այդպիսին է կարգը»,-նշեց նա:

Ավելի վաղ ադրբեջանական մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե իբր Երեւանում Կիեւ-Թբիլիսի օդանավի վայրէջքից հետո «Զվարթնոց» օդանավակայանում անվտանգության աշխատակիցները ստիպել են իրենց իջնել օդանավից, հանձնել անձնագրերը: