Իտալիայում մի քանի ժամով դադարեցվել է Բոլոնիայի եւ Միլանի միջեւ երկաթգծային հաղորդակցումը՝ Սանտա-Վիոլա կայարանում բռնկված հրդեհի պատճառով:

Դեպքը կատարվել է տեղական ժամանակով առավոտյան ժ. 4.30-ի սահմաններում (7.30 Երեւանի ժամանակով): Երկաթգծային կայարանում բռնկվել են որոշ օբյեկտներ, այդ թվում՝ շարժակազմերի վերահսկման եւ կառավարման համակարգը: Տեղի մամուլի տվյալով՝ տեղի է ունեցել հրկիզում:

Երթեւեկությունը մասնակի վերականգնվել է միայն 7.30-ին (10.30 Երեւանի ժամանակով), սակայն հրդեհի պատճառով չվացուցակը խախտվել է, գնացքները ուշացումներով են տեղ հասնում:

Իտալիայի տրանսպորտի նախարար Մաուրիցիո Լուպին տեղի ունեցածն ահաբեկչական ակտ է անվանել: Վարչապետ Մաթեո Ռենցին իր կողմից կայարանի հրկիզումը սաբոտաժ է անվանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: