«Շանթ Հարությունյան եւ ընկերները» գործով վերաքննիչ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Նշենք, որ բոլոր ամբաստանյալների փաստաբանները պահանջում են արդարացնել իրենց պաշտպանյալներին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանին հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, նրա անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Նրանց մեղադրում էին 2014թ. նոյեմբերի 5-ին Երեւանում անկարգություններ հրահրելու մեջ:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։



























