Ազատամարտիկները համախմբվել են երկրում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, «Ազատամարտիկների դաշենքի» տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասաց «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը։
«Արտագաղթը, աղքատությունը, սովը, կարելի է ասել նաեւ վախի մթնոլորտը, ստիպեց մեզ ոտքի կանգնել, կանգնել ժողովրդի կողքին և ասել՝ ժողովուրդ, մենք ձեր կողքին ենք, ինչպես 1988-ին, երբ ինքնակամ մեկնեցինք Ղարաբաղ այնպես էլ այսօր, մենք դուրս ենք եկել համաժողովրդական շարժման»,- ասաց նա։
Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ իրենց առջև առաջնային խնդիրը երկիրը այս վիճակին հասցրած իշխանություններից ազատվելն է․«Երկրորդ՝ պետք է կանգնենք ժողովրդի կողքին, որպեսզի աջակցենք և պաշտպանենք քաղաքացիների սահմանադրական իրավունքները։ Բազմիցս հարցնում են, բա ո՞վ է լինելու նախագահը, այսօր ասում եմ նախագահ կլինի այն մարդը, ով կլինի ժողովրդի կողքին և արդյունքում անօրինականությունները կվերանան, ամեն ինչ կարվի, որ մեր երկիրը սարքենք երկիր»։
Մելքոնյանը նշեց, որ հաճախ իշխանության մեջ գտնվող մարդիկ շփոթում են պետությունը իշխանության հետ, և ամեն գնով փորձում են պահպանել իշխանությունը:
«Նրանք տարբեր միջոցառումներ են անցկացնում, մարդկանց են ծեծում, որ իշխանությունը պահեն, բայց իշխանությունը պետություն չի, պետությունը մեր երկիրն է, որ մենք պահել ենք մեր արյունով, իշխանությունը պետությունը պահում է ցնցումներով, և մենք այսօր կոչ են անում առանց ցնցումների պահել պետությունը»,-ասաց Գագիկ Մելքոնյանը։
Նրա կարծիքով՝ իշխանությունների նպատակն է՝ ազատամարտիկներին հանել իրար դեմ։ «Մարտական ընկերներիցս շատերն են այսօր մաս են կազմում իշխանությանը, եւ հիմա նրանց կոչ եմ անում սադրանքների չգնալ, չպիտակավորել միմյանց: Մենք գիտենք՝ ով ինչ է արել, որտեղ է կռվել, մենք մեկս մյուսիս ճանաչում ենք: Պատերազմը դեռ ավարտված չէ, մենք նորից նույն խրամատներում ենք հայտնվելու՝ կողք կողքի»,-ասաց ազատամարտիկը։




























