Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրները կմասնակցեն Ռուսաստանի Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի աշխատանքներին, դեկտեմբերի 23-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանում բացվել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոն: Ամեն ինչ արվել է բացառապես ռուսական տեխնոլոգիաներով՝ ներկայումս աշխարհում հավասարը չունեցող հզորագույն համակարգչային ապահովմամբ: Եվ այսօր մեր կազմակերպության քարտուղարը հիշատակեց, որ ՀԱՊԿ-ի բոլոր երկրները կմասնակցեն պաշտպանության կառավարաման այդ կենտրոնի աշխատանքներին», - ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է Պուտինը:

Նա նաեւ հայտարարել է, որ «Անգարա-Ա5» հրթիռ-կրիչը կօգտագորվի ոչ միայն տնտեսության կարիքների, այլ նաեւ Ռուսաստանի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների պաշտպանունակության ապահովման համար, հայտնում է «ՌՒԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Ռուսաստանի Պլեսեցկ տիեզերակայանից տեղի է ունեցել  «Անգարա-Ա5» ծանր դասի նոր ռուսական հրթիռ-կրիչի փորձնական գործարկումը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է գործարկման արարողությանը: