Թուրքմենստանի հետ ապրանքաշրջանառությունը ավելացնելու հնարավորությունները մեծ են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Երեւանում Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նիստին մասնակցել են հանձնաժողովի անդամները, ինչպես նաեւ երկու երկրների նախարարությունների եւ գերատեսչությունների պաշտոնատար անձինք: Հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստը բացել են հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը եւ թուրքմենական կողմի համանախագահ, Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրդի Տոյլիեւը:
Նախարար Երվանդ Զախարյանը ողջունել է Երեւանում հյուընկալված գործընկերներին եւ նշել, որ Հայաստանի ու Թուրքմենստանի հարաբերությունները հիմնված են բարի ավանդույթների բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ հարգանքի վրա: Հայ-թուրքմենական դիվանագիտական հարաբերությունների հիմքը դրվել է դեռ 1992 թվականին: Այսօր արդեն հայ-թուրքմենական համագործակցությունը նշանակալի արդյունքների է հասել:
«Հայ-թուրքմենական տնտեսական հարաբերությունների խորացմանը նպաստում է միջպետական քաղաքական երկխոսության բարձր դինամիկան: Մեր պետությունների ղեկավարների անձնական հարաբերությունները նպաստում են առեւտրատնտեսական, գիտական, տեխնիկական, մշակութային, հումանիտար եւ այլ ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը եւ բարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը»,- ասել է Երվանդ Զախարյանը:
Նախարարը նշել է, որ այս տարվա ապրիլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքմենստան կատարած պաշտոնական այցի ժամանակ մեկ անգամ եւս կարեւորվել է հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի դերը՝ երկու երկրների միջեւ հեռանկարային ոլորտներում համագործակցության ակտիվացման, ինչպես նաեւ՝ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում:
«Ես կարող եմ վստահ ասել, որ միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը յուրօրինակ լոկոմոտիվ է՝ նախատեսված ծրագրերի եւ համաձայնագրերի իրականացման համար: Փորձը ցույց է տալիս, որ համատեղ աշխատանքի շնորհիվ, մենք կարող ենք հասնել զգալի արդյունքների»,- ասել է Երվանդ Զախարյանը:
Նախարարը նշել է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը մոտ 12,5 մլն. դոլարի սահմաններում է, սակայն այն ավելացնելու հնարավորությունները մեծ են, եւ Երեւանը պատրաստ է շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ:
Հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի թուրքմենական կողմի համանախագահ, Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրդի Տոյլիեւն իր հերթին բարձր է գնահատել հայ-թուրքմենական հարաբերությունները եւ վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների համատեղ ջանքերով տնտեսական փոխգործակցությունն առաջիկայում կզարգանա նոր թափով:
«Հայաստանը մեզ համար պոտենցիալ գործընկեր է տնտեսական բնագավառում եւ մենք ցանկանում ենք ամրապնդել կապերը՝ տնտեսության տարբեր ոլորտներում»,- ասել է Սապարդուրդի Տոյլիեւն ու հավելել. «Մենք նույնպես կարեւորում ենք ապրանքաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտությունը, ինչի ներուժն իսկապես կա»:
Հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի օրակարգում ընդգրկված էին երկու երկրների տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր: Կարեւորվել է Երեւան-Աշգաբադ ուղիղ ավիաչվերթներ կազմակերպելու խնդիրը:
Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության եւ Թուրքմենստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության, իրավապայմանագրային դաշտի զարգացմանը վերաբերող խնդիրները, ինչպես նաեւ, ստանդարտացման եւ պետական վերահսկողության, վառելիքաէներգետիկ, տրանսպորտի եւ կապի, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտներում, կրթության եւ գիտության, ինչպես նաեւ մշակութային-հումանիտար բնագավառներում համագործակցության հարցերը:
Նիստի ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության եւ Թուրքմենստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի արձանագրությունը:
Կողմերը պայմանավորվել են հանձնաժողովի 7-րդ նիստն անցկացնել Աշգաբադում` 2015 թվականին:




























