Իշխանափոխության ցանկությունը ոչ թե եռյակինը կամ ազատամարտիկներինն է, այլ համազգային բնույթ է կրում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, «Ազատամարտիկների դաշինքի» տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասաց «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը։

«Այնպիսի թյուր կարծիք է ձևավորվել, որ այս իշխանափոխությունը միայն եռյակին ու ազատամարտիկներին է հարկավոր, բայց այսօր արդեն ժողովուրդն արթնացել է և չի ուզում, որ իր զավակն արտագաղթի։ Նույնիսկ եթե մենք այս պահին օգնենք իշխանություններին մնալ, չենք կարող, քանի որ քաղաքացիները ամեն ինչ հասկացել են և չեն կարող համակերպվել ստեղծված իրավիճակի դեմ»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ իրենք ճիշտ ճանապարհի վրա են, եւ դրա մասին են վկայում վերջին իրադարձությունները՝ կապված ազատամարտիկների դեմ կատարված հարձակումների հետ։

«Իշխանությունների որդեգրած սկզբունքը՝ ծեծով վախեցնելը, խոսում է այն մասին, որ մենք իսկապես ճիշտ ճանապարհի վրա ենք, հակառակ դեպքում նրանք որևէ բան մեր նկատմամբ չէին անի»,-ասաց Ռազմիկ Պետրոսյանը։

 Նրա կարծիքով՝ իշխանություններն այլեւս չեն կարողանում ծառայել ժողովրդին, իսկ իրենք չեն կարող անտարբեր նայել դրան. «Իշխանությունները դադարել են ծառայել ազգին, իսկ ազատամարտիկները չէին կարող անտարբեր նայել, թե ինչպես են պահում արյան գնով պահպանված երկիրը, իհարկե մենք իրավունք չունեինք լռելու»։