Պետք է իրատես լինել եւ գիտակցել, որ 2015-ի հունվարի 1-ից, երբ Հայաստանը անդամակցում է ԵՏՄ-ին, երկրի առջեւ դրախտի դռները չեն բացվելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը՝ հավելելով, որ այդ միությունում են այն երկրները, որոնց հետ Հայաստանը դեռ խորհրդային տարիներից սերտ կապեր ունի:

Նրա խոսքով՝ այն գործարարները, ովքեր ունեն հաստատված կապեր, կշարունակեն դրանք, ոչ մի նոր բան չի լինի, պարզապես գործընթացին քաղաքական նրբերանգ է տրվել: «Եթե ԵՏՄ-ին միանալուց հետո մեկ բեռնատարով ապրանքի փոխադրման արժեքը 5000 դոլարի փոխարեն կազմի 2500 դոլար, ապա ես կասեմ՝ կեցցե ԵՏՄ-ն, սակայն այդպիսի բան չի լինի»: Մխչյանը կարծում է, որ Միությանն անդամակությունը արտահանողների համար կթեթեւացնի միայն փաստաթղթային քաշքշուկները, եւ ավելին ոչինչ:

Նա նաեւ մտահոգություն է հայտնել, որ Հայաստանում մի քանի ոլորտներ կկլանվեն: «Եթե Հայաստանում զարգացած է մի ոլորտը, որը նաեւ կա Ռուսաստանում եւ Ղազախստանում, ապա չի բացառվում, որ այդ երկու երկրներից ապրանքների հոսքը կզրոյացնի հայ արտադրողների ջանքերը»: Միաժամանակ, Րաֆֆի Մխչյանն ընդգծել է, որ Հայաստանը ԵՏՄ-ի տարածքում մրցունակ կլինի գինեգործության, կոնյակի արտադրության, ոսկեչության եւ գյուղատնտեսության ոլորտներում: