«Ֆինանսական բուրգի» գործով վկա Վեներա Գալստյանը եւ տուժող Արտակ Գալստյանը բերման կենթարկվեն ոստիկանության համապատասխան բաժնի կողմից, քանի որ նրանք նիստերին անհարգելի պատճառով չեն ներկայացել: Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, նման որոշում կայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ հիմք ընդունելով  ԱԱԾ-ից ստացված գրությունը, որի համաձայն՝ գործով վկան եւ տուժողը նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ը չեն հատել ՀՀ սահմանը, ինչպես այդ մասին վկայում էր Արտակ Գալստյանի ներկայացուցիչ Սուսաննա Սարգսյանը:  

Դատական նիստին ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը լրացուցիչ ցուցմունք տվեց եւ պատասխանեց տուժողների, տուժողի ներկայացուցչի եւ մեղադրողի հարցերին:

Իր ցուցմունքում ամբաստանյալը նշեց, որ ինքը ֆինանսական դժվարություններ չի ունեցել, երբ Արտակ Գալստյանից տոկոսով գումար է վերցրել:

«Դա իրականությանը չի համապատասխանում: Մինչեւ 2010թ. Արտակին հանդիպելը ես ոչ մի ֆինանսական պրոբլեմ չեմ ունեցել, ունեցել եմ իմ բնակարանը, իմ գործը: Ապացույցներ չկան, որ ես մինչեւ Արտակ Գալստյանի հայտնվելը ունեցել եմ պարտքեր, մեղադրականում նշված այդ փաստերը լրիվ անհիմն են»,- ասաց ամբաստանյալը:

Ամբաստանյալը նշեց, որ Արտակ Գալստյանի «մեջքին  մարդիկ են կանգնած», որոնց վրա հույս դնելով՝ նա գործ է հարուցել եւ  քննություն վարելիս ուղղորդել է քննիչին:

«Եթե նրա մեջքին կանգնած չլինեին այդպիսի մարդիկ, նա ճակատ առ ճակատ չէր վարկաբեկի մարդկանց եւ անպատժելի չէր մնա: Ինքը գիտեր, որ ոչ մի պրոբլեմ չի լինի ու ինքը կարա հանգիստ բոլորին մեղադրի եւ նորմալ, չոր դուրս գա»,- ասաց Արթուր Անդրեասյանը՝ չցանկանալով անուններ տալ:

 Ամբաստանյալը դատարանին ներկայացրեց իր եւ Արտակ Գալստյանի միջեւ կնքված գումարային հաշվարկների մի փաստաթուղթ, որը նրա խոսքով՝ հրաշքով է գտնվել իրենց տանը եւ ապացուցում է, որ ինքը ընդամնեը 250 հազար դոլար գումար է պարտք Արտակ Գալստյանին, մինչդեռ վերջինը պնդում էր, որ պարտքը կազմում է 720 հազար դոլար։

Ամբաստանյալը կրկին շեշտեց, որ Արտակ Գալստյանն օգտվել է իր ճնշված վիճակից եւ իր վստահությունը չարաշահելով՝ կորզել ստորագրություն՝ 720 հազար դոլար պարտքի վերաբերյալ։

Մեղադրող Արթուր Երիցյանը միջնորդեց չդադարեցնել հարցաքննությունը, եւ ապահովել տուժող Արտակ Գալստյանի ներկայությունը դատարանում:

Պաշտպանական կողմն իր հերթին միջնորդեց ապահովել վկա Վեներա Գալստյանի ներկայությունը, քանի որ նա ոչ միայն տեղյակ է գործից, այլեւ ամբաստանյալի ավազահանքի 45%-ի բաժնետերն է:

Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց երկու միջնորդությունները՝ հետաձգելով դատական նիստը: «Ֆինանսական» բուրգի գործով հաջորդ նիստը կկայանա 2015թ. հունվարի 21-ին:

Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ եւ արտարժույթի առուվաճառքով զբաղվելիս հայտնվելով անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երեւան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձեւավորված վստահության շահարկմամբ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու եւ դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները եւ ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ: