ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը զարմանում է այն մարդկանց վրա, որոնք կարծում են, որ ազատամարտիկը պետք է չզբաղվի քաղաքականությամբ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, «Ազատամարտիկների դաշինքի» տարեվերջյան ասուլիսին ասաց «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ Ռուստամ Գասպարյանը։
«Իսկ ինչի՞ չպետք է խառնվի ազատամարտիկը քաղաքականությանը, նախ մենք ոչ ազատամարտիկ ենք ծնվել, ոչ էլ զինվորական։ Երկիրը վտանգի տակ էր, համախմբվեցին, ոտքի կանգնեցին այն մարդիկ, ովքեր այս ազգի նվիրյալներն են, որոնք այս ազգի հերոսներն են, պատերազմ գնացին ու հաղթանակեցին, մարտական ընկերներ կորցրեցին։ Այսօր գնում ենք Եռաբլուր, որտեղ մեզանից պատասխան են պահանջում մեր տղաների հոգիները, նրանք մեզ ասում են՝ խի ա մեր ընտանիքը սոված, խի իմ երեխեն կոշիկ չունի, որ դպրոց գնա, ի՞նչ պատասխանենք այս տղաներին»,-ասաց նա։
Ռուստամ Գասպարյանի խոսքով՝ իրենք «ցրելու են մեր ժողովրդի գլխին կուտակված ներքին թշնամական ամպը»։
«Այսօր այս պատերազմ հաղթած նույն տղաները տեսնում են, որ մեր երկրի գլխին սպիտակ եղեռն է կախված։ Ո՞նց ոտքի չկանգնենք նորից, ո՞վ կարող է ասել՝ մի կանգնեք ոտքի, ո՞վ կարող է մեզ ասել մի խառնվեք քաղաքականությանը։ Այսօր մենք կանգնած ենք ցրելու մեր գլխին կուտակված ներքին թշնամական ամպը, ով ծրագրված ստիպում է մեր ժողովրդին արտագաղթել, մենք այսօր պատրաստ ենք և կպայքարենք»,-ասաց նա։




























