Երեւանի ավագանին դեկտեմբերի 23-ին գումարված արտահերթ նիստում հավանություն է տվել բյուջեում փաստացի եկամուտների, ծախսերի եւ տնտեսումների կանխատեսվող ցուցանիշների հիման վրա բյուջեի վարչական եւ ֆոնդային մասերի հաշվեկշռվածությունն ապահովելու նպատակով Երեւան քաղաքի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին:

Այնուհետեւ գումարվել է Երեւանի ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ավագանու հաստատմանն է ներկայացվել Երեւան քաղաքի զարգացման 2015թ. ծրագիրը: Նշվել է, որ այն կազմվել է հաշվի առնելով 2014-2017թթ. քառամյա ծրագրի գերակայություններն ու առկա հիմնախնդիրները:

Ծրագրում, ինչպես նշել է այն ներկայացնող Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, կարեւորվում է մայրաքաղաքում բարեկարգ եւ հարմարավետ միջավայրի ապահովումը` ինչպես Երեւանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար. մասնավորապես, հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի եւ բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձեւավորումը, հարմարավետ եւ անվտանգ տեղաշարժի ապահովումը։ Ավագանին ձայների մեծամասնությամբ հաստատել է Երեւան քաղաքի զարգացման 2015թ. ծրագիրը:

Այնուհետ Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Երեւանի ավագանու հաստատմանն է ներկայացրել «Երեւան քաղաքի 2015թ. բյուջեի մասին» որոշման նախագիծը, ըստ որի՝ եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 71,870,838.3 հազ. դրամի չափով. Երեւան քաղաքի 2014 թվականի բյուջեով ի սկզբանե հաստատված 69,091,815.9 հազ. դրամի դիմաց՝ 2,779,022.4 հազ. դրամով կամ շուրջ 4%-ով ավելի: Նախագծով նախատեսված եկամուտները ավել են 2013 թվականի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտներից 8,202,913.1 հազ. դրամի կամ 12.9%-ի չափով: Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 20,020,911.5 հազ. դրամ՝ 2014 թվականի նախատեսված 19,433,799.1 հազ. դրամի դիմաց եւ ծրագրվել են 587,112.4 հազար դրամով կամ 3%-ով ավելի: Նախագծով սեփական եկամուտների նախատեսված ցուցանիշը ավել է 2013 թվականի սեփական եկամուտների փաստացի կատարողականից 3,016,964.9 հազար դրամով կամ 17.7%-ով: Ձայների 40 կողմ, 1 դեմ եւ 14 ձեռնպահ հարաբերակցությամբ ավագանին հաստատել է Երեւան քաղաքի 2015թ. բյուջեն:

Երեւանի ավագանու որոշմամբ սահմանվել են նաեւ Երեւանի քաղաքային համայնքում 2015թ. տեղական տուրքերի դրույքաչափերը:

Միաձայն կողմ քվեարկությամբ Երեւանի ավագանին հավանություն է տվել ավագանու նիստերի Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում առցանց հեռարձակում իրականացնելու մասին որոշմանը:

Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը: Նիստին հաջորդած հարց ու պատասխանի շրջանակում Երեւանի քաղաքապետը, աշխատակազմի վարչությունների պետերը պատասխանել են ավագանու անդամների հարցերին: Այդպիսով Երեւանի ավագանին ավարտել է 4-րդ նստաշրջանի աշխատանքները: