Ահաբեկչական սպառնալիքը նոր հարթություն է մտել ՝ արտասահմանյան ահաբեկիչ-գրոհայինների ակտիվության եւ տրանսազգային կազմակերպված հանցավորության հետ կապերի ամրացման հաշվին: Այս մասին ասված է դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստի ավարտին ընդունված ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:

«Ահաբեկչությունն ամրապնդվում է թվաքանակով, գաղափարապես եւ ֆինանսապես՝ ինքնուրույն դերակատարում ունենալով տարածաշրջանային հակամարտություններում եւ օգտագործելով միջկրոնական եւ ազգամիջյան հակասությունները: Ահաբեկչական պլացդարմի ձեւավորման վտանգ է ստեղծվում, որի հիմքերը դրվում են Մերձավոր Արեւելքում, ուր աշխույժ գործունեություն են ծավալում «Ալ Քաիդայից» սերված խմբավորումները, այդ թվում՝ «Իսլամական պետությունը» եւ «Ջեբհաթ ան Նուսրան»: Մտահոգում է նաեւ Աֆղանստանի տարածքից ՀԱՊԿ անդամ երկրներ կրոնական ծայրահեղականության տարածման վտանգը:

ՀԱՊԿ անդամ երկրները համակարգված միջոցներ կձեռնարկեն այն անձանց նկատմամբ, ովքեր զինված հակամարտություններում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմում կռվելուց հետո վերադառնում են Կազմակերպության անդամ պետությունների տարածք»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները ողջունում են Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում նախագահական ընտրությունների ավարտը եւ ազգային միասնություն հասնելուն ուղղված քայլերը: Նաեւ պատրաստակամություն են հայտնել Աֆղանստանի՝ որպես անկախ, խաղաղ, չեզոք երկրի կայացմանն աջակցելու հարցում: Միեւնույն ժամանակ մտահոգություն է հայտնվել, որ ահաբեկչական եւ ծայրահեղական խմբավորումներն Աֆղանստանի տարածքն օգտագործում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտու սահմանին իրավիճակն ապակայունացնելու, ինչպես նաեւ Աֆղանստանում թմրանյութերի արտադրման համար, ինչը սպառնալիք է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը:

Նշվել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցելու աֆղանական կառավարության եւ միջազգային հանրության հետ՝ նշված սպառնալիքներին հակազդելու նպատակով: