ՀԱՊԿ անդամ երկրները կողմ են արտահայտվել արտակարգ իրավիճակներում Կազմակերպության արձագանքի համակարգի զարգացմանը: Այս մասին ասված է դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստի ավարտին ընդունված ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:

 «Պատրաստակամություն ենք հայտնում մասնակցելու միջազգային հանրության՝ բնական եւ տեխնածին աղետների կանխարգելմանն ու հետեւանքների վերացմանն ուղղված ջանքերին:

Ընդգծում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության սպառնալիքների նկատելի աճը հավաքական անվտանգության համակարգի եւ ուժերի հետագա կատարելագործման անհրաժեշտություն է ստեղծում: Այս կապակցությամբ հատուկ նշանակություն ունեն ՀԱՊԿ համատեղ «Փոխգործակցություն-2014», «Անքակտելի եղբայրություն-2014» եւ «Սահման-2014» զորավարժությունները:

ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՇՀԿ-ի եւ միջազգային ու կրոնական այլ կազմակերպությունների հետ համագործակցության պատրաստակամություն ենք հայտնում, այդ թվում՝ խաղաղապահ առաքելության, ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության, ապօրինի ներգաղթի, մարդկանց առեւտրի եւ ժամանակակից այլ մարտահրավերների եւ սպառնալիքների հակազդման հարցերում:

Մենք՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներս, մտադիր ենք հետագայում էլ ամրապնդել ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգը, այն դիտարկում ենք որպես կազմակերպության անդամ պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, անվտանգությունը, դրա պատասխանատվության  գոտում կայունությունն ապահովող գործիք: