Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, արդարացրել է ամբաստանյալ Նոյ Մուսայելյանին, որը Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի պաշտպանյալն է:

Ամբաստանյալը մեղադրվում էր ավազակության եւ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու մեջ եւ 2 տարի 11 ամիս գտնվում էր կալանքի տակ, սակայն դատախազը մեղադրանքից հրաժարվել է, եւ դատարանն արդարացման դատական ակտ է կայացրել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ դատախազությունն այս գործով գտնվեց իր բարձունքի վրա եւ օբյեկտիվ եզրահանգման արդյունքում ճիշտ գնահատելով ապացույցները՝ հրաժարվեց մեղադրանքից:

«Հուսով եմ, որ սա միակ դեպքը չի լինի, եւ դատախազությունը ճիշտ դիրքորոշում կարտահայտի նաեւ այլ գործերով»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Նոյ Մուսայելյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: