Քալիֆոռնիական Ֆրեզնո քաղաքի գեղարվեստի թանգարանում կկայանա հայ հայտնի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը՝ «Ավանդույթներ, ժառանգություն, մշակույթ» խորագրով: Այն նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
2015թ. հունվարի 23-ին ցուցահանդեսի բացման առթիվ ընդունելություն կկազմակերպվի: Ցուցահանդեսը կգործի մինչեւ ապրիլի 26-ը:
Ըստ «Asbarez»-ի՝ ցուցանմուշները փոխառվել են գեղարվեստական տարբեր թանգարաններից եւ մասնավոր հավաքածուներից: Ցուցահանդեսին ներկայացված կլինեն Ջոն Ալթունի, Վարուժան Պողոսյանի, Արա Դոլարյանի, Չարլզ Կարապետյանի, Արշիլ Գորկու, Խաչիկ Խաչատրյանի, Էդ Մարուքի, Ռուբեն Նակյանի, Վարազ Սամուելյանի, Վիլյամ Սարոյանի եւ Արմինե Շիշմանյանի աշխատանքները:
«Այս նկարիչներից յուրաքանչյուրը միջազգային եւ տարածաշրջանային հռչակ է ձեռք բերել: Յուրաքանչյուրը այս կամ այն չափով զգացել է Ցեղասպանությունը եւ յուրաքանչյուրը աննկուն է մնացել արարելու իր ձգտման մեջ», – նշել է թանգարանի համակարգող Քերոլ Թիքիջյանը:




























