Հայաստանի Կենտրոնական բանկն իր այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի նիստում, որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1.75 տոկոսային կետով՝ սահմանելով 8.50%:

ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս տարվա նոյեմբերին արձանագրվել է 1.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.9%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 2.6%:

Արտաքին հատվածում վերջին զարգացումներն հիմնականում արտահայտվել են ԱՄՆ տնտեսության աճի տեմպերի արագացմամբ, որի ներքո ձեւավորվել են ԱՄՆ-ում տոկոսադրույքների հետագա բարձրացման սպասումներ: Վերջինս պատճառ հանդիսացավ զարգացող երկրներից կապիտալի արտահոսքի դեպի ԱՄՆ, որը նպաստեց հիմնական զարգացող երկրների տնտեսական աճի տեմպերի դանդաղմանը եւ արժույթների արժեզրկմանը: Գրեթե բոլոր զարգացող երկրներն այս երեւույթին արձագանքեցին տոկոսադրույքների որոշակի աճով՝ զսպելով գնաճային ճնշումները: Տարածաշրջանում այս ամենին լրացրեց հումքային շուկաների, հատկապես նավթի, գնանկումը եւ աշխարհաքաղաքական հիմնախնդիրները, որոնք նպաստեցին ՌԴ տնտեսության նկատմամբ բացասական սպասումների ձեւավորմանը եւ ռուբլու ու այլ հետխորհրդային երկրների արժույթների արժեզրկմանը:

Համաշխարհային տնտեսության եւ տարածաշրջանի վերոնշյալ զարգացումների ազդեցությունն արտացոլվել է նաեւ ՀՀ տնտեսությունում, որտեղ արտաքին աշխարհից ստացվող արտարժութային հոսքերի կրճատումը արժեզրկման ճնշումներ ստեղծեց արժութային շուկայում: Դրամի արժեզրկման հետեւանքով տեղի ունեցած որոշ ապրանքների թանկացման արագությունը բնակչության մոտ ապակայունացրեցին գնաճային սպասումները, որը բերեց ապրանքային եւ արտարժութային պահանջարկի կտրուկ ավելացմանը եւ զգալի լրացուցիչ գնաճային ճնշումների: Չնայած ակնկալվում է, որ տարեվերջին 12-ամսյա գնաճը դեռեւս կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում, սակայն ապագա գնաճային ճնշումները մեղմելու եւ առկա գնաճային սպասումները նպատակային ցուցանիշի շուրջ խարսխելու նպատակով ՀՀ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

Հետագայում, տնտեսական զարգացումներին զուգընթաց, ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ դեկտեմբերի 30-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):

Լոմբարդային ռեպոների եւ ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 20% եւ 7%: