NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում France-Presse գործակալության՝ «The Express Tribune»-ում հրապարակված հոդվածը:

Ռուսաստանը երկուշաբթի հայտարարեց ցորենի արտահանումը սահմանափակելու ծրագրերի մասին՝ փորձելով կանգնեցնել երկրում գների բարձրացումը, որը կապված է ռուբլու անկան հետ: Այս հայտարարությունը հանգեցրել է ցորենի համաշխարհային գների աճին, սակայն վերլուծաբաններն ասում են, որ ցորենի ու եգիպտացորենի համաշխարհային պաշարները պետք է կանգնեցնեն գների կտրուկ աճը:

Ռուբլու 50%-ով անկումն այս տարի ցորենի արտահանումն ավելի ձեռնտու դարձրեց ռուսական ֆերմերների համար եւ, չնայած լավագույն բերքատվությանը, ներքին շուկայում ցորենի գները սկսել են աճել: Չիկագոյի բորսայում անցյալ շաբաթ գներն աճել են արդեն 4%-ով, քանի որ առեւտրականները մտավախություն ունեին, որ Ռուսաստանը՝ աշխարհում ցորենի երրորդ արտահանողը, կարող է արտահանման արգելք սահմանել, ինչպես դա պատահեց 2010 թվականին, վատ բերքի ժամանակ:

«Շուկան արդեն կանխատեսում էր… ոչ պաշտոնական սահմանափակումները: Հիմա դրանք պաշտոնականացվեցին»,- ասել է ֆրանսիական «Agritel» խորհրդատվական ընկերության վերլուծաբան Սեբաստիան Պոնսելեն եւ հավելել. «Այժմ երկու տարբերակ կա. կա՛մ լիարժեք սահմանափակում կլինի, կա՛մ մասնակի՝ բացառելու համար… Ռուսաստանի երկու հիմնական հաճախորդներին՝ Եգիպտոսին եւ Թուրքիային, ինչպես նաեւ Հնդկաստանին եւ Հայաստանին»,- ասել է Պոնսելեն:

Նրա խոսքով, սահմանափակումները կարող են հանգեցնել համաշխարհային շուկայում մինչեւ 7 մլն տոննա ցորենի դեֆիցիտի, եթե ամբողջական արգելք սահմանվի: Ամեն դեպքում, վերլուծաբանի խոսքով, այս քայլերն անպայման գների կտրուկ աճի կհանգեցնեն, քանի որ գնորդները կարող են սկսել եգիպտացորեն օգտագործել, քանի որ հսկայական պաշարներ կան: