«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նկատմամբ  հասարակական վստահությունն օրեցօր աճում է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը։

«Այդ  մասին են վկայում այն դիմումները, որոնք ստանում է մեր կուսակցությունը՝ անօթեւանության խնդիրներով, տարբեր իրավական խնդիրներով,  դատապարտյալների խնդիրներով, այսինքն, այն աժիոտաժը, թե ինչի է ստեղծվել կուսակցությունը, ում կողմից է ստեղծվել, արդեն ի չիք է դարձել։  Հասարակությունը ավելի լուրջ պատասխանատվություն է դրել մեր ուսերին եւ ավելի լուրջ քայլեր է ակնկալում մեզանից»,-ասաց Անի Զախարյանը։

Նրա խոսքով՝ բոլոր վարչական շրջաններում ստեղծվել են հասարակական խորհուրդներ, որոնք զբաղվում են տարբեր խնդիրների վերհանմամբ եւ դրանք կուսակցության ղեկավարությանը ներկայացնելով։

Անի Զախարյանի խոսքով՝ իրենց կուսակցությանը աջակցում են նաեւ սփյուռքահայերը. «Սփյուռքում հիմա ձեւավորվում է շարժում, որը Հայաստանում ռադիկալ գործողությունների կարող է գնալ, եթե իշխանությունները քայլեր չձեռնարկեն երկրում իրավիճակը փոխելու համար»։

Անդրադառնալով եռյակի գործունեությանը՝ Անի Զախարյանը նշեց, որ եռյակը հայտարարեց թեժ աշուն, սակայն ոչ մի թեժություն այդտեղ չնկատվեց։

«Մի՞թե իրենց շարժումը ավելի մեծ թափ չէր ստանա, եթե նրանք միանային Նիկոլ Փաշինյանի՝ նախագահին պաշտոնանկ անելու նախաձեռնությանը։ Ընդ որում, ոչ մի ուժ չբացատրեց, թե ինչու  չմիացավ այդ նախաձեռնությանը»,-ասաց կուսակցության ղեկավարը։

Խոսելով եռյակի առաջնորդների մասին՝ Անի Զախարյանն ասաց, որ Լեւոն Տեր –Պետրոսյանը ապազգային գործունեություն իրականացրած քաղաքական գործիչ է։

«Նրա շնորհիվ մեր գիտաարարտադրական ամբողջ ռեսուրսը փոշիացվել է, Գիտությունների ազգային ակադեմիան է փորձել փակել, նաեւ կարծում էր, որ ազգային պետությունը չպիտի ունենա բանակ, եւ այսօր այդ նույն ապազգային գործիչը մեկ այլ ինտելեկտուալ գործիչ չգտավ, գնաց, կանգնեց Գագիկ Ծառուկյանի կողքին։ Կամ Գագիկ Ծառուկյանը հստակ հայտարարում է, որ ինքը չի հավակնում չորրորդ նախագահ դառնալ, կա´մ ես ամեն ինչ անում եմ, որ նրանք հանրությանը երևան որպես քաղաքական խեղկատակներ»,-ասաց նա։

Անի Զախարյանը նաեւ ասաց, որ ինքը մյուս տարվա ամռան կեսերին «ամենայն լրջությամբ» կհայտարարի, որ լուրջ քաղաքական գործողությունների է գնում։

«Կհայտարարավի համազգային բաց հանրային հարթակ, որտեղ բոլորը ելույթներ կունենան, մի կաթսայում բոլոր գլուխները կեփվեն, մեկ ընդհանուր  առաջնորդ  դուրս կգա»,-ասաց նա։

Անի Զախարյանը նշեց, որ եթե Եռյակը հայտարարի, որ գնում է լուրջ փոփոխությունների, ինքը նույնպես կհամագործակցի նրանց հետ։

Կուսակցության ղեկավարի խոսքով՝ իր կուսակցությունը  քանակական առումով դեռ այնքան էլ բազմամարդ չի, որ կարողանա ԱԺ-ն եւ Կառավարությունը համալրել, սակայն եթե հնարավորություն ունենար, կցանկանար ղեկավարել կրթության եւ գիտության, արտաքին գործերի եւ մշակույթի գերատեսչությունները։

Անի Զախարյանն ավելացրեց, որ եթե մի օր ինքը նախագահ դառնա, ապա ավելի շատ արեւմտյան կողմնորոշում կունենա։

Կուսակցության ղեկավարը նշեց, որ ՌԴ նախագահ Պուտինը դեռ չի պատասխանել իր նամակին, նաեւ ասաց, որ ինքը նամակներ է գրել Ֆրանսիայի նախագահին ու վարչապետին , որոնց բովանդակության մասին չէր ցանկանա բարձրաձայնել։