Հայաստանի բանկերը պետք է մեծ մարդասիրություն դրսեւորեն: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:
Նա նշեց, որ բանկերը պետք է չօգտվեին արժութային փոխարժեքների կտրուկ տատանումների ձեռնտու պահից, այլ աջակցեին տնտեսությանն ու հաճախորդներին: «Թե չէ գործարարը գալիս է բանկ, իսկ նրան ասում են՝ 500 դոլարից ավելի չենք կարող տալ: Բայց չէ որ դա ընդամենը գրպանի փող է, նույնիսկ գործուղման մեկնելու համար չի բավականացնի, ուր մնաց ապրանքներ գնելուն», - հայտարարեց Մակարյանը:
Պասիվություն են դրսեւորել նաեւ ռուսական բանկերը, որոնք ռուսական ռուբլու եւ հայկական դրամի միջեւ կարող էին հարմար կամուրջ դառնալ, հավելեց նա: «Մենք ռուսական կապիտալով 6 բանկ ունենք, սակայն դրանից եւ ոչ մեկը իրավիճակը կայունացնելու համար ոչինչ չձեռնարկեց: Կենտրոնական բանկը նույնպես չդրդեց նրանց այդ բանին», - հավելեց Մակարյանը:



























