ԱՄՆ տնտեսությունը 10 տարվա ընթացքում աճի ամենաարագ տեմպերն է գրանցում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տանն առընթեր Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Ջեյսոն Ֆուրմանը՝ մեկնաբանելով ամերիկյան առեւտրի նախարարության թարմացված տվյալները:
«Այդ տվյալները ցույց են տալիս, որ 2014 թվականի երրորդ եռամսյակում տնտեսական աճն ամենաարագն է եղել վերջին 10 տարվա ընթացքում: ՀՆԱ-ի լուրջ աճը մշտական է եղել ցուցանիշների ամենալայն սպեկտրով, որը, մասնավորապես, ցույց է տալիս աշխատաշուկայում իրավիճակի բարելավումը, երկրի ներսում էներգետիկ անվտանգության բարձրացումը»,- ասել է Ֆուրմանը՝ հավելելով, որ «այն քայլերը, որոնք ձեռնարկվել են տնտեսության վերականգնման գործընթացի սկզբում, օգնել են այնպես անել, որ 2014 թվականը նոր աշխատատեղերի ստեղծման առումով դառնա լավագույնը 1990-ական թվականներից ի վեր»:
Անցնող տարին Ֆուրմանը կոչել է «առաջընթացային ամերիկյան միջին դասի համար՝ ցուցանիշների ամենալայն սպեկտրով»: Ամեն դեպքում, ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նշել է, որ «դեռեւս հսկայական աշխատանք է հարկավոր, որպեսզի առաջընթացը զգան բոլոր ամերիկացիները»:
ԱՄՆ առեւտրի նախարարության՝ երեքշաբթի հրապարակված թարմացված տվյալների համաձայն, ազգային տնտեսության աճը 2014 թվականի հուլիս-սեպտեմբերին կազմել է 5%: Սա լավագույն ցուցանիշն է 2003 թվականից ի վեր: Ավելի վաղ ենթադրվում էր, որ այն կլինի 3.9%-ի մակարդակում: Միաժամանակ, շատ փորձագետներ չեն բացառում, որ անցնող տարվա վերջին եռամսյակում ԱՄՆ տնտեսական աճի տեմպերը կարող են նվազել մինչեւ 2.5%-ի: Սակայն նրանք նշում են, որ չորրորդ եռամսյակի համար դա, ամեն դեպքում, ամենաբարձր ցուցանիշը կլինի 2005 թվականից ի վեր:




























