Երեւանի պետական համալսարանի համատեղ ստեղծված հիմնադրամը դեկտեմբերի 23-ին իրավական կարգավիճակ է ստացել, ինչը նշանակում է, որ համատեղությամբ աշխատող դասախոսները կարող են կուտակայինից հրաժարվելու դիմումներ գրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
«Երեկ երեկոյան համատեղությամբ աշխատող դասախոսներն արդեն սկսել են դիմումներ գրել: Մյուսներին էլ մենք առաջարկել ենք նրանց փոխարեն վճարել այդ պարտադիր սոցիալական վճարները: Այնպես որ մենք կուտակայինի հետ կապված խնդիրները լուծել ենք»,- ասաց ռեկտորը:
Նշենք, որ համատեղությամբ աշխատողները մինչեւ դեկտեմբերի 25-ը ժամանակ ունեն՝ հրաժարվելու սոցիալական պարտադիր վճարներից:
Նշենք, որ 2014թ. հուլիսի 1-ին ուժի մեջ են մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները: Փոփոխված տարբերակի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու իրավունք չի տալիս պետական ոչ առեւտրային կազմակերպությունների, այդ թվում՝ բուհերի աշխատողների համար:
Հետեւաբար, բուհերի որեւէ դասախոս, որ ծնվել է 1974թ. հունվարի 1-ից հետո, չի կարող հրաժարվել սոցիալական վճար կատարելու պարտականությունից ոչ միայն պետական, այլեւ մասնավոր ընկերություններում ստացած իր աշխատավարձերից։




























