Անասնաբուծության զարգացման ոլորտում հաջողությունները մսի թանկացում թույլ չեն տա: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության  նախարար Սերգո Կարապետյանը:

Մասնավորապես, եթե 2013թ. կենդանի քաշով մսի ծավալը հանրապետությունում կազմել է 146,8 հազար տոննա, ապա 2014թ.՝ 165 հազար տոննա, կամ 12,4%-ով ավելի շատ: Մասնավորապես, 2013թ. 677,7 հազարի փոխարեն խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը  կազմել է 691 հազար (2%-ով աճել է):

«Ինչպես տեսնում եք, դրա շնորհիվ շուկայում միսը գործնականում չի թանկանում: Բացի այդ, մենք կարողացանք ընդլայնել մսի արտահանումը: Իսկ շուտով մեր առջեւ դեպի Եվրասիական միության խոշոր շուկա մսամթերք արտահանելու հնարավորությունները կբացվեն», - հավելեց Կարապետյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերին «Ռոսսելխոզնադզորը» 11 ընկերությունների Հայաստանից Ռուսաստան մսամթերքի արտահանման թույլտվություն էր տրամադրել: