Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ երկրից հեռանալու իր որոշումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ «ընդդիմության առաջնորդները» փորձել են վերջինիս սպանել:

«Ոչ միայն որոշել էին՝ նրանք դրա համար ամեն ինչ անում էին: Իմ ավտոշարասյունը մի քանի անգամ գնդակոծվել է: Թիկնապահներիցս մեկը վիրավորվել է: Հենց այդ պատճառով ինձ անհրաժեշտ էր տեղափոխվել այնպիսի վայր, որտեղ ուժայինները դեռ ենթարկվում էին գլխավոր հրամանատարին», - հայտարարեց Յանուկովիչը:

«Նրանք միայն մեկ ելք ունեին. գտնել ինձ իշխանությունից հեռացնելու 4 սահմանադրական եղանակներից մեկը: Իմփիչմենթը չստացվեց: Ինձ անգործունակ ճանաչելը, երբ ես ողջ եւ առողջ եմ, նույնպես ոչ իրական է: Մնացին երկու միջոց՝ կամավոր հրաժարական կամ մահ: Ընդդիմության առաջնորդներն ինձ զանգահարում էին եւ համոզում հրաժարական տալ: Ես կտրականապես մերժում էի: Դրանից հետո սկսվեցին որոշակի գործողություններ, որոնք սպառնալիք էին ինձ եւ իմ շրջապատին: Ստացվող տեղեկություններից եւ ամենակարեւորը՝մահափորձերից, ես հասկացա, որ ինձ ցանկանում են սպանել», - ասել է Ուկրաինայի նախկին նախագահը: