PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդներից Մուրադ Քարայըլանը նշել է, թե Աբդուլլահ Օջալանը 2015-ի մարտի 15-ին կհայտարարի  Թուրքիայում PKK-ի զինված պայքարի դադարեցման մասին, եթե թուրքական իշխանությունների հետ բանակցությունները նորմալ ընթանան։

Հյուսիսային Իրաքի քրդական Rojnews կայքին տված հարցազրույցում PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը Թուրքիայում քրդական հարցի կարգավորման հետ կապված մանրամասներ է ներկայացրել։ Քարայըլանը նշել է, թե Թուրքիայում քրդական հարցի կարգավորման աշխատանքներն առանց խոչընդոտների առաջ գնալու դեպքում PKK-ի ապրիլին կայանալիք կոնգրեսին կմասնակցի նաեւ Աբդուլլահ Օջալանը։

«Օջալանի նախատեսված ծրագրի համաձայն՝ արդեն մարտի 15-ին PKK-ն կյատարարի զինված պայքարը Թուրքիայում դադարեցնելու մասին, իսկ ապրիլինի արդեն Օջալանի մասնակցությամբ PKK-ի կոնգրեսի ժամանակ կորոշվի Թուրքիայում գտնվող քուրդ զինյալների հետ քաշել Իրաքի Քուրդիստանի տարածք»,-նշել է Քարայըլանը՝ հավելելով, որ եթե թուրքական իշխանությունները կրկին չարձագանքնեն Օջալանի կողմից պատրաստված խաղաղության ծրագրին, այդ դեպքում պատերազմը դառնում է անխուսափելի։