Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում տեղացած կարկուտից ավելի քան 3 ամիս է անցել, սակայն տանիքների վերանորոգումը դեռ չի արվել:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում համայնքի ղեկավար Յուրիկ Ավալյանը հայտնեց, որ պատճառը եղանակային պայմաններն են:
«Բնակիչները բոլոր շիֆերները ստացել են, բայց եղանակը չի թողնել շինարարական աշխատանքներ կատարել: Ժամանակավոր բնակիչները փակել են ծակերը, սպասում են, որ եղանակը տաքանա, սկսեն աշխատանքները, բայց բոլորն էլ ստացել են շիֆերները»,- ասաց Յուրիկ Ավալյանը:
Նա վստահեցրեց, որ պետության հատկացրած մետաղական թիթեղները բաժանվել են կարկուտից տուժած բոլոր ճամբարակցիներին:
«Մոտ 60 մլն դրամի վնաս էին կրել ճամբարակցիները»,- ավելացրեց համայնքի ղեկավարը:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Ճամբարակ համայնքի ղեկավար Յուրիկ Ավալյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 4-ին ժամը 15.30-ի սահմանում մոտ կես ժամ ձվի մեծության կարկուտ է տեղացել:
«Վնասվել են համայնքի գրեթե բոլոր տեսակի ազբոշիֆերները, կարկուտի հատիկները ուղղակի ծակել, անցել են շիֆերների միջով, ապակիներ են կոտրվել, վնասվել են մեքենաներ. մի խոսքով, ինչի կարողացել ա, կարկուտը վնաս ա հասցրել, անհավանական մեծության էր հասնում, տենց բան չէինք տեսել»,- ասել է նա:




























