Թուրքիայի Յոզգաթ նահանգի Բուրունքշլա գյուղի բնակիչները խիստ առանձնացել են Թուրքիայի շատ բնակավայրերի բնակիչներից։ Նրանք կամավոր խնամում եւ մաքրում են հայերի գերեզմանները՝ օրինակելի վարքագիծ ցույց տալով։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  Յոզգաթի Սարըքայա շրջանի Բուրունքշլա գյուղի բնակիչները հիշում են ժամանակին իրենց հետ միասին ապրած հայ հարեւաններին եւ լավ հիշողությունները ստիպում է նրանց պահպանել նախկին հարեւանների գերեզմանները։

Բուրունքշլայի գյուղապետ Նեջաթի Յալչընը նշել է, թե իրենք մինչեւ 1966 թվականը միասին են ապրել հայերի հետ։  Նրա խոսքով՝ հեռանալուց հետո հայերի մի մասը ամեն տարի այցելում են  թե գյուղացիներին, թե իրենց հարազատների գերեզմաններին։ «Նախկին քայմաքամը մեր հայ եղբայրների գերեզմանոցը պատով շրջապատեց, որ անծանոթները չվնասեն գերեզմանները։

Դրանից հետո էլ գյուղացիները կամավոր խնամում եւ մաքրում են հայերի գերեզմանները»,-ասել է գյուղապետը։