Ղրիմի Պետական խորհրդի պատգամավորները վերջնական ընթերցմամբ հանրապետության մայրաքաղաքի մասին որոշում են կայացրել: Մայրաքաղաքն է Սիմֆերապոլը:
Օրենքը նախատեսում է, որ Ղրիմի մայրաքաղաքը հանրապետության վարչական, քաղաքական, տնտեսական, պատմամշակութային, գիտալուսավորչական կենտրոնն է: Այժմ Սիմֆերապոլում են «Ղրիմի պետական իշխանության բոլոր մարմինները, օրենսդիր իշխանության դաշնային մարմինների տարածքային մարմինները, արտասահմանյան պետությունների ներկայացուցչությունները եւ ՌԴ սուբյեկտները, միջազգային կազմակերպության բոլոր մարմինները»:
«Ղրիմի Հանրապետության մայրաքաղաքը նաեւ հանրապետության Սահմանադրության բնօրինակի պահպանման վայրն է», - ասվում է փաստաթղթում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ղրիմի մայրաքաղաքի գործառույթներից է դաշնային եւ հանրապետական նշանակության հաստատությունների եւ օբյեկտների գործունեության ապահովումը, կարգուկանոնի հավելյալ միջոցների ապահովումը: Օրենքը նախատեսում է քաղաքին հավելյալ միջոցներ հատկացնել հանրապետության բյուջեից՝ այս գործառույթներն իրականացնելու համար:
Չորեքշաբթի ընդունված օրենքը չի բացառում, որ ապագայում հանրապետության մայրաքաղաքի կարգավիճակ կարող է ստանալ մեկ այլ քաղաք: Օրենսդրության հարցերով Պետխորհրդի կոմիտեի նախագահ Եֆիմ Ֆիքսը լրագրողներին ասել է, որ մայրաքաղաքը հնարավոր կլինի փոխել Ղրիմի Սահմանադրությունում համապատասխան փոփոխություններ կատարելուց եւ այդ հարցով հանրապետական հանրաքվե անցկացնելուց հետո:




























