Պաշտոնյաների տների վրա հարձակումների կամ այսպես կոչված «Բանդայի» գործով ամբաստանյալ, բանդայի պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի մեղադրանքը հիմնավորող որեւէ ապացույց չի հաստատվել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում իր պաշտպանական ճառում ասաց Արտուշ Հակոբյանի փաստաբանը՝ Հովիկ Արսենյանը։

«Իմ պաշտպանյալը մեղադրվում է Գուրգեն Հայրապետյանի հետ միասին զինված բանդա կազմակերպելու եւ իրականացնելու համար։ Հիմա ցույց տվեք մեկ ապացույց, կամ գոնե մեկ փաստական տվյալ, որն ապացուցում է պաշտպանյալիս մեղքը, նման կերպով բոլորիս էլ կարող են մեղադրել։ Բացի այդ, էս մարդը էնքան լոդր է, որ ցերեկները միշտ 12-ին է մահճակալից դուրս եկել, էլ ո՞նց կարար բանդա կազմակերպել ու առավել եւս ղեկավարել»,--ասաց նա՝ նշելով, որ այս քրեական գործը ինքը համարում է  «դժբախտություն» մեր հասարակության համար։

Փաստաբանի խոսքով՝ այս գործով ընդամենը երկու գրություն է եղել այն մասին, որ օպերատիվ տվյալներ կան, որ Արտուշ Հակոբյանը կազմակերպել եւ ղեկավարել է զինված բանդա, եւ դրանց հիման վրա էլ գործ է հարուցվել։

«Օպերատիվ տվյալների վրա սանկցիա՞ են նշանակում, կամ գո՞րծ են հարուցում, էդ օրենքը ո՞ւմ համար է, միայն թղթի վրա է գրված»,- ասաց Արսենյանը՝ նշելով, որ  այս գործում չգիտես ինչու ամեն ինչ թույլատրելի է համարվել։

Հովիկ Արսենյանը նաեւ նշեց, որ որեւէ ապացույց չկա, որը կհաստատեր, որ հայտնաբերված հեռախոսները պատկանել են ամբաստանյալներին, եւ նրանք կապի մեջ են եղել միմյանց հետ. «Ուղղակի իրենց ասվել է, ամեն ինչ արեք էս մարդկանց փակելու համար»։

Փաստաբանը հիշեցրեց, որ ամբաստանյալներին ձերբակալելուց հետո նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ գործը բացահայտվել է, իրենք գիտեն՝ ում ինչ է հասել, եւ ով ինչ նախասիրություն ունի. «Ես հասկանում եմ իրեն, էն որ ասում են՝ տաք տաք է եղել, չի իմացել՝ ում ուղարկի դատարան, ում ուղարկի զագս»։

Հովիկ Արսենյանը նաեւ նշեց, որ չի հաստատվել, թե դիմակների վրա հայտնաբերված մատնահետքերը ում են պատկանում։

«Համոզված եմ, որ եթե դատարանը բավարարեր մեր միջնորդությունը մատնադրոշմային փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ, ապա այլ բան կպարզվեր»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ դատաքննության ընթացքում չի հաստատվել նաեւ այն, որ Ամառանոցային 20 հասցեի տանը հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակի վրա հայտնաբերված մատնահետքերը Արտուշ Հակոբյանին են պատկանում։

Փաստաբանն իր ճառում ասաց, որ այս գործով բազմաթիվ խախտումներ են եղել, բայց դրանից հետո գործով զբաղվող ոստիկանության աշխատակիցները դարձել են վարչության պետեր։ Փաստաբանը նաեւ պնդեց ներքին քննության արդյունքները ապացույցների շարքից հանելու իր միջնորդությունը։

Փաստաբան Արսենյանը նշեց, որ գործն աննախադեպ է՝ իրականությանը չհամապասխանելու առումով, եւ ինքն ամեն ինչ անելու է արդարության հասնելու համար, անկախ նրանից, թե ով է նստած ամբաստանյալի աթոռին։

Նշենք, որ դատական նիստն անցնում է լեփ-լեցուն դահլիճում։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ «Բանդայի» գործով մեղադրող Սասուն Խաչատրյանը ամբաստանյալների համար պահանջել է 11-15 տարվա ազատազրկում։

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը,  Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։